«Միրաբ» ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանում կազմակերպել փականների արտադրություն
«Նման արտադրության կազմակերպումը մեր երկրում շատ կարևոր է, իսկ նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, կարծում եմ, որ մեր երկիրը կարող է հարմար հարթակ հանդիսանալ ընկերության արտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու համար», – նշել է նախարար Սերգո Կարապետյանն՝ ընդունելով «Միրաբ» ընկերության պատվիրակությանը:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընկերության հիմնական ուղղվածությունը տարբեր տրամաչափերի փականների արտադրությունն է, որոնք օգտագործվում են նաև գյուղատնտեսության բնագավառում:
Ընկերության հիմնադիր տնօրեն Մորթեզա Թավաջոհը տեղեկացրել է, որ նախորդ տարվա արտադրանքի մեծ մասն ուղղվել է Իրանի գյուղատնտեսության ոլորտում ոռոգման համակարգերի բարելավմանը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում ոռոգման կաթիլային համակարգին անցնելու ուղղությամբ` նա վստահություն է հայտնել, որ իրենց արտադրանքը կարող է հետաքրքրել նաև հայկական շուկային: Այս կապակցությամբ նա ցանկություն է հայտնել Հայաստանում ևս կազմակերպել փականների արտադրություն:
Տեղեկացնելով, որ վերջին տարիներին Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել արտասահմանյան ներդրումների և երկրում նոր բիզնես սկսելու համար` նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին ՀՀ-ում փականների արտադրության կազմակերպման գործում: