Հումանիտար բեռների հետ կապված քար լռություն է՝ արդեն 20 ժամ․ Վարդան Սարգսյան
Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված հումանիտար բեռը գրեթե 20 ժամ է, ինչ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Այս մասին տեղեկացրել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ տեղաշարժ չկա բեռների տեղափոխման հետ կապված։
«Գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն: Այս պահին մենք որևէ արձագանք դեռ չենք ստացել, սպասում ենք արձագանքի»,- ասաց նա։
Վարդան Սարգսյանը հիշեցրեց, որ սահմանված կարգով դիմել են և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, և համապատասխան օղակներով ադրբեջանական կողմին։
«Այս պահին պատասխան չունենք»,- ասաց նա։
Լրագրողի ճշտող հարցին՝ քար լռությո՞ւն է տիրում՝ Վարդան Սարգսյանն արձագանքեց. «Կարող ենք նաև այդպես ասել»: