Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու Ադրբեջանը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքն Արցախ (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է: Այս մասին կառավարության այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանից Արցախ տեղափոխվող հումանիտար բեռի հետ առաջացած խնդրին:
Օգնությունը հասել է Սյունիքի մարզի Կոռնիձորի հատված՝ Լաչինի միջանցքի մուտքի հատված։
«Մենք խնդրել ենք, որպեսզի ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահներն ընդունեն բեռն ու տեղափոխեն Լեռնային Ղարաբաղ, որտեղ Լաչինի միջանցքի՝ շուրջ ութ ամիս ապօրինի արգելափակված լինելու հետևանքով հումանիտար ճգնաժամ է հաստատված։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լաչինի միջանցք ու Լեռնային Ղարաբաղ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե այս գործելակերպն անհասկանալի է ու անընդունելի։
«Լաչինի միջանցքն ապօրինի արգելափակելու պատճառաբանությունն այն էր, թե, իբր, Հայաստանը միջանցքն օգտագործում է ռազմական նպատակներով, սա, իհարկե, անհեթեթ պնդում է, բայց այդ պնդումն օգտագործվում էր որպես պատրվակ՝ Լաչինի միջանցքի արգելափակման համար»,- նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։