Ավելի լավ է լինել արդար գավառամիտ, քան էժան քաղքենի. Մարուքյանը` Շարմազանովին
ԱԺ-ում թեժ բանավեճ է ծավալվել Շարմազանովի և Էդմոն Մարուքյանի միջև:
«Թող Հայաստանի իշխանությունները հայրենիքի նկատմամբ սիրո ճոռոմ բառեր չերգեն»,-անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթին ասել է պատգամավոր Մարուքյանը:
Նա դեմ է արտահայտվել Երեւանը շրջանցող մայրուղու շինարարության համար Զարգացման ասիական բանկի 113 մլն դոլար վարկի տրամադրմանը, ասելով, որ մարզերին նման ծրագրեր ավելի շատ են պետք: Շարմազանովն էլ Մարուքյանի նման մտածելակերպը որակել է գավառամտություն: Չի ուշացել Մարուքյանի պատասխանը Շարմազանովին. «Ավելի լավ է լինել արդար գավառամիտ, քան էժան քաղքենի։ Օր օրի քանդել Երեւանի ճարտարապետական հուշարձանները եւ ճոռոմ արտահայտություններ անել հայրենիքի զավակների հավասար հնարավորությունների մասին»:
Ի պատասխան Շարմազանովը հայտարարել է. «Կամ ձեզ սխալ են պատմել, կամ կարդացել` ճիշտ չեք հասկացել: Խոսքը եղել է այն մասին, որ Երեւանը չի կարելի հակադրել մարզերին: Որեւէ վիրավորական արտահայտություն չի եղել, եղել է «գավառական մտածողություն» արտահայտություն: Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները, ոչ էլ դերակատարումը: Ոչ ոք այստեղ չի հերթագրվել ձեզ հակադարձելու համար: Սա պառլամենտ է, ոչ թե գլադիատորական մարտեր: Դուք ժողովրդավարական արժեքներ կրող մարդ եք, սովորեք այլակարծությանը»: