Արգելքը կիրառելուց հետո, Հայաստանից ՌԴ է արտահանվել մոտ 409 տոննա պանիր
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության կողմից կիրառվող ժամանակավոր սահմանափակումը չի տարածվում Հանրապետությունից արտահանվող՝ վերամշակված մսամթերքի և կաթնամթերքի վրա: Այս մասին տեղեկացնում է ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական ծառայությունը:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հավաստիացնում է, որ ժամանակավոր արգելքը չի խոչընդոտել Հայաստանից որևէ ապրանքատեսակի արտահանմանը: Հունվարի 20-ից՝ արգելքը կիրառելուց հետո, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել 408 տոննա 757 կգ պանիր, նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել է 123 տոննա 299 կգ պանիր:
Հունվարի 26-ին նմանօրինակ պարզաբանում էր տարածել ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը՝ տեղեկացնելով, որ պանրի արտահանման նկատմամբ սահմանափակում չկա և որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ արգելքը գործել է նաև նախկինում: