Նոր զարգացումներ Հայկազ Բարսեղյանի սպանության գործում
Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին մեղադրյալների փաստաբանները միջնորդություն ներկայացրին դատարանին` բուն գործին միավորել կուրսանտներ Կարեն Բաղրամյանի և Թելման Մխիթարյանի ու Խաչիկ Մինասյանի քրեական գործերը:
Ինչպես դատական նիստին նշեց մեղադրյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը, գործերի միավորումը թույլ կտա պարզել իրականությունը և ավելի օբյեկտիվ քննություն իրականացնել։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանն էլ նշեց, որ ինքը դիրքորոշում չի հայտնի, կհամաձայնի դատարանի ցանկացած որոշմանը։
Գործը քննող դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ այս փուլում գործերը հնարավոր չէ միավորել։
Նկատենք նաև, որ սպանված կուրսանտի հայրը` Արկադի Բարսեղյանը ավելի վաղ newspress.am-ի հետ զրույցում նշել էր , որ Կարեն Բաղրամյանը Հայկազին չի ծեծել, նրա սպանության հետ կապ չունի, ընդամենը վիճաբանություն է եղել, որը հարթվել է:
«Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Նշվում է, որ Կարենը Հայկազին մարմնական վնասվածքներ է հասցրել, բայց իրականում մարմնական վնասվածքներ չի հասցրել, մի հատ ինքն է խփել, մի հատ էլ Հայկազը»:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը նախորդ տարի հունվարի 29-ի վաղ առավոտյան հայտնաբերվել էր մարզահրապարակում` պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նրա սպանության մեջ մեղադրվում է 4 զինծառայող՝ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը, Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության: