Սահմանային ճանապարհի՝ Թումանյան-Բագրատաշենի անցակետ հատվածը բացվել է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է Հայաստան-Վրաստան սահմանային ճանապարհի (Մ-6, Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ հատվածի հանդիսավոր բացման արարողությանը։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։
Հիմնանորոգվել է Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը՝ 51․13 կմ։
Միջոցառմանը ներկա էին Լոռու և Տավուշի մարզպետներ Արամ Խաչատրյանն ու Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաուլո Սպանտիգատին, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և այլ հյուրեր։
Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և Ասիական զարգացման բանկին՝ ծրագրի ֆինանսավորման համար և բարձր է գնահատել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նվիրված և հետևողական աշխատանքը։
«Միջպետական նշանակության այս ճանապարհն ապահովում է Հայաստանի ցամաքային կապը հարևան Վրաստանի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, ինչպես նաև ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ։ Այս ճանապարհային ենթակառուցվածքի շնորհիվ եվրոպական չափանիշներին համապատասխան բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ կիրականացվեն՝ զարկ տալով պետության տնտեսության աճին, իսկ տեղական մակարդակում՝ առավել բարեկեցիկ դարձնելով մարզի բնակչության կենսակերպը»,- ընդգծել է նախարարը։