Սասուն Միքայելյանը Արամ Դանիելյանի աշխատանքի մասին առայժմ լռում է
Նախկին պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանը Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կառաջադրի՞ իր թեկնածություն, թե՞ ոչ Newspress.am-ի հարցին, նա զգուշարություն դրսևորելով նշեց, որ այդ մասին կհայտնի հետո:
Իսկ, թե երբ կլինի այդ «հետոն» հարցին` Միքայելյանը պատասխանեց, որ երբ ընտրությունները մոտենան: Նա նաև հրաժարվեց գնահատական տալ Հրազդանի երկարակյաց ու գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի գործունեությանն ու կատարած աշխատանքներին:
Նկատենք, որ քաղաքապետի պաշտոնի համար Սասուն Միքայելյանը իր թեկնածությունն էր առաջադրել դեռ 2012 թվականին և իր նախընտրական քարոզարշավների ժամանակ ակտիվ ու անխնա քննադատել է Արամ Դանիելյանի աշխատանքը քաղաքապետի պաշտոնում: Այն ժամանակ նա, ինչու չէ նաև հրազդանցիների զգալի հատվածը, վստահ էր, որ քաղաքապետի պաշտոնը կստանձնի Սասուն Միքայելյանը:
Այսօր Սասուն Միքայելյանը խոստումներ չի շռայլում և ավելի զգուշավոր է: Փոխարենը, Հրազդանում շատ է խոսվում Դանիելյանի կողմից հերթական անգամ ընտրություններին մասնակցելու մասին: Անգամ Դանիելյանի շատ ու շատ ներկայացուցիչներ, մտերիմներ ակտիվացրել են իրենց կապը բնակիչների հետ: Սակայն փաստը մնում է այն, որ Հրազդանն անկախությունից ի վեր բարեկարգման առումով որևէ զարգացում չապրեց, ավելին մայրաքաղաքից 45կմ հեռավորության վրա գտնվող հանրապետության չորրորդ քաղաքում կոյուղաջրերը, Դանիելյանի շնորհիվ, փողոցներով են հոսում: