Կրեմլը զգուշացրել է. առանց Ռուսաստանի հացահատիկի գործարք չկա
Առանց Ռուսաստանի մասնակցության հացահատիկի գործարքը շարունակելու փորձերը կհանգեցնեն ռիսկերի, քանի որ հացահատիկային միջանցքը հարում է պատերազմական գոտուն և նույնիսկ օգտագործվում է հենց Կիևի կողմից ռազմական նպատակներով։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ուկրաինական կողմի առաջարկը Թուրքիային՝ շարունակելու Ուկրաինայից հացահատիկի արտահանումը, չնայած Ռուսաստանի՝ հացահատիկի գործարքից դուրս գալուն։
Կրեմլի խոսնակը կարծում է, որ այս հարցը մեկնաբանություն է պահանջում ռուս զինվորականների կողմից, քանի որ խոսքը մարտական գոտուն անմիջապես հարող գոտու մասին է:
«Եվ առանց անվտանգության համապատասխան երաշխիքների՝ այնտեղ որոշակի ռիսկեր են առաջանում։ Հետևաբար, եթե ինչ-որ բան մշակվում է առանց Ռուսաստանի, ապա պետք է հաշվի առնել այդ ռիսկերը։ Այստեղ մենք չենք կարող ասել, թե որքանով և որ երկրներն են պատրաստ իրենց վրա վերցնել այդ ռիսկերը»,- ասել է Պեսկովը։