Հայաստանի ու Սփյուռքի քույրեր և եղբայրներ, խնդրում եմ, աղաչում, մենակ մի թողեք Արցախում ապրող հային. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Խաղաղությունը սեփական հայրենիքում պատանդառված և ամեն ինչից զրկված լինելը չէ։ Խաղաղությունը ամեն օր հոգեբանական հարձակումների և մեր վրա թափվող անորոշությունները չեն։ Այս մասին Արցախի Վերածննդի հրապարակում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Դիմելով ՀՀ-ում և Սփյուռքում ապրող հայությանը, Ստեփանյանն ասաց, որ Արցախը յուրաքանչյուր հայի համար բացառիկ արժեք և սրբություն է։
«31 տարի Արցախում ապրող հայը կանգնեց մի պարզագույն ցանկությամբ՝ միանալու մայր հայրենիքին։ Այդ ցանկությունը վաղեմության ժամկետ չունի։ Դա սրբագույն երազանք ու նպատակ է, որ պետք է իրականություն դառնա։
Ինչպես միշտ, այս անգամ էլ կանգնեք ի պաշտպանություն Արցախի։ Մենակ մի՛ թողեք Արցախում ապրող հային իր այդ սրբագույն երազանքի հետ։ Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ, ձեզնից շատերն իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, ինչ է նշանակում հայրենազրկվել, ինչ է նշանակում ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու և կարոտով։
Քույրեր և եղբայրներ, ձեզ խնդրում եմ, եթե կուզեք՝ աղաչում եմ, վե՛ր ելեք կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանություն, վե՛ր ելեք պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնել հայի ճակատագրի համար։ Ամենուրեք ասում էին՝ «Այլևս երբե՛ք»։ Պարտադրեք նրանց հավատարին մնալ իրենց հայտարարություններին։ Մենք պետք է ջնջենք մեր ճակատագրից մշտապես ցեղասպանվող ժողովրդի խարանը։ Ինչ տեսնում եք Էկրաններից այն կողմ՝ օտարի հետ տեղի ունեցող իրականություն չէ։ Սա Արցախում ապրող ձեր քույրերի ու եղբայրների ամեն օր խեղվող ճակատագիրն է»,-նշեց Ստեփանյանը: