Շրջափակումը հասել է օրհասական կետի․ մի ամբողջ ժողովրդի գլխին կանգնած են գոյաբանական անհերքելի են և ընդգծված սպառնալիքներ. Արցախի ՄԻՊ
Արցախի 7 ամիս շարունակվող ամբողջական շրջափակումը հասել է օրհասական կետի։ Այլևս լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու, այդ թվում 30 հազար երեխայի, 20 հազար տարեցի կյանք։ Այս մասին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած համաժողովրդական շարժման ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ մի ամբողջ ժողովրդի գլխին կանգնած են գոյաբանական սպառնալիքներ, որոնք անհերքելի են և ընդգծված։ Գեղամ Ստեփանյանն ընդգծեց, որ գտնվելով շրջափակման մեջ և հունիսի 15-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունիցծ՝ ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման և ցեղասպանության իրական, անհերքելի սպառնալիքի ներքո։
«Ահազանգել եմ բոլոր-բոլորին, խոսել շատերի հետ՝ ամեն հանդիպման ժամանակ զրուցակիցներիցս ակնկալելով հարգանք մեր ժողովրդի իրավունքների նկատմամբ, հարգանք մեր ժողովրդի կյանքի և սեփական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի նկատմամբ։ Խոսել եմ խնդրանքով, խոսել եմ ցասումով։ Այսօր արդեն ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է»,-նշեց Գեղամ Ստեփանյանը։