«Իսկ Ալենն ու Կոնջորյանը թող ներեն, թող ներեն»․․․
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, անդրադառնալով ԱԺ շենքի դիմաց ՔՊ խմբակցության ղեկավարի օգնականի՝ փուչիկներով 28-ամյակը նշելու տարածված լուսանկարներին, գրում է.
«Անմեղ երեխայի զվարճանքը կամ «...իսկ Ալենն ու Կոնջորյանը թող ներեն, թող ներեն, որ այսօր իմ ծնունդն է, մեծացել եմ ես արդեն»:
Պետք չէ մեղադրել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականին` իր ծննդյան տարեդարձը Ազգային ժողովում մանկական սրճարանի ոճով նշելու համար։ Լինելով իշխող խմբակցության ղեկավարի օգնական` նա բոլորից շատն է շփվում այդ խմբակցության պատգամավորների հետ, տեսնում և զգում է, թե ինչ մթնոլորտ է այնտեղ տիրում։
Իր վարքագիծն էլ պայմանավորված է ընդհանուր տրամադրություններով։ Եթե նա նկատեր, որ դա խորհրդարանական երկրի խորհրդարան է, որտեղ հավաքվում են լուրջ և բանիմաց մարդիկ, ովքեր պետության և ժողովրդի համար սրտացավ ու լուրջ վերաբերմունք ունեն ու կայացնում են պատասխանատու որոշումներ, ինքն էլ, բնականաբար, կընդուներ նման կեցվածք։ Նա շատ ազնիվ աղջիկ է և իր պարզ միամտությամբ ի ցույց է դնում ժամանակակից Ազգային ժողովի ողջ էությունը, հուշում է հանրությանը, որ դա սովորական կրկես է` տարբեր կենդանատեսակների, ծաղրածուների և խաղալիքների համախմբում, որտեղ ինքը, բոլորի նման կարող է միայն զվարճանալ, ուրախանալ և վայելել անաշխատ եկամուտները։
Միակ պարսավելին նրա արարքում այն է, որ փորձում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջից` Աննա Հակոբյանից խլել դժվար և ողբերգական պահերին իր անհոգ կյանքը լուսաբանող ցինիզմի ցուցադրական մենաշնորհը։ Այդ օրը սահմանում երկու զինծառայող էր վիրավորվել, իսկ Արցախում հասունացել էր ընդվզում գերության պայմաններում»։