«Պուտին» ֆիլմի պատասխանատուները հերքել են Դի Կապրիոյի դերակատարման լուրը
Այս գարնանը Knights bridge Entertainment կինոընկերությունը նախատեսում է սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին կենսագրական ֆիլմի նկարահանումները։ Այս մասին RIA Novosti-ին տեղեկացրել է ընկերության թոփ մենեջերներից մեկը՝ Վալերի Սահարյանը, ով նաև ֆիլմի 4 պրոդյուսերներից 1 է։
Սահարյանի խոսքով՝ ֆիլմը կնկարահանի երկու «Օսկարի» արժանացած ռեժիսոր, սակայն գլխավոր դերակատարի մասին հստակ տեղեկություն չկա։ Հայ պրոդյուսերը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է որոշ ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Պուտինին կմարմնավորի հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, ով այս օրերին հայտարարել էր, որ դա իր երազանքն է։
«Մենք ոչ մի հայտարարություն չենք արել, տեղեկություն չունեմ, թե որտեղից է հայտնվել Դի Կապրիոյի համաձայնության մասին լուրերը։ Հավանաբար աղմուկը բարձրացել է գերմանական պարբերականին արված նրա հայտարարությունից։ Կարող եմ ասել, որ քասթինգին մասնակցում են առաջին մեծության 4 դերասաններ»,- հայտարարել է Սահարյանը։
Նա նաև ավելացրել է, որ սցենարը անձամբ Պուտինի հետ չի համաձայնեցվել։ Այս նախագծի մասին ծանոթագրական տեղեկությունը տեղադրված է կինոարտադրողի կայքում։