Գործ չեմ ճարել, դրա համար ըստեղ նստած եմ. Գալուստ Սահակյան
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայրենի խորհրդարանի աղն է, մեծամասամբ միօրինակ նիստերը համեմվում են ԱԺ նախագահի յուրօրինակ այլաբանությամբ: Անգամ ասում են, որ ԱԺ նախագահի թևավոր խոսքերի հավաքածու է պատրաստվում: Այսօր ևս ԱԺ հերթական քառօրյան առանց գալուստսահակյանական աղ ու պղպեղի չի անցել: ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՀ իշխանությունների վարկային քաղաքականության առնչությամբ հերթական քննադատական խոսքերն է հնչեցրել: Ելույթից հետո Գ. Սահակյանը փորձել է սահուն նախադասություն ձևակերպել, որը մոտավորապես հնչել է այսպես. և լսելն էր հեշտ, և կռահելը. մենակ անձերն էնպիսին են, որ շատ հետո են գլխի ընկնում:
Հրանտ Բագրատյանը Գալուստ Սահակյանին խորհուրդ է տվել` Գործիդ գնա. երևի թե հստակ չի ընկալել ԱԺ նախագահի խոսքերը, որին Գալուստ Սահակյանն ամենայն անկեղծությամբ պատասխանել է. «Գործ չեմ ճարել, դրա համար ըստեղ նստած եմ»:
Երևի առաջին անգամ Սահակյանը ճիշտ է ասել և քանի որ ԱԺ նախագահը գործ է ման գալիս, կարող ենք օգնել: Չի բացառվում, որ սատիրայի ժանրում իրեն դրսևորի, այսկերպ և փող կաշխատի, և տուն կպահի, և ի վերջո աշխատանք կունենա: Թե չէ պարապ նստած ԱԺ-ում հանրության է միայն զվարճացնում: Իսկ Գալուստ Սահակյանի խոսքերը նաև հեղինակային իրավունքներով պաշտպանված կլինեն, թե չէ ինչ է ստացվում` Գալուստ Սահակյանը խոսում է, ԶԼՄ-ները տարածում և մեկնաբանում, իսկ նա մնում է առանց աշխատանք: Մտքերն էլ օրը ցերեկով գողանում են: