Ինչո՞ւ են վերելակների տեղադրման աշխատանքերը նախատեսվածից երկար տևում
Երբ քաղաքապետարանից հայտարարեցին բազմաբնակարան շենքերի վերանորոգման մասին՝ շատերի համար դա անիրական թվաց։ Սակայն, երբ 40 տարի շահագործվող վերելակներն սկսեցին փոխարինվել նորերով՝ բնակիչների մեջ հույս արթնացավ։
Այն, որ «կամազի կաբինա» հիշեցնող վերելակները փոխարինվում են ժամանակակից սարքավորումներով ու գեղեցիկ խցերով, իհարկե, դրական տեղաշարժ է, սակայն այստեղ բացասականն այն է, որ այդ վերելակների վերանորոգումը նախատեսվածից երկար է տևում։
Օրինակ՝ Թումանյան փողոց 35 ա շենքի վերելակի վերանորոգումն սկսվել ու չի ավարտվում։
Մասնագետների գնահատմամբ՝ ամեն վերելակի տեղադրումը տևում է մոտ 1 ամիս, քանի որ գործը պետք է արվի հատուկ ճշգրտությամբ: Սակայն այս դեպքում, մեկ ամսից ավելի է՝ գործն ավարտին չի հասցվել։
Բնակիչների հետ զրույցում NEWSPRESS.am-ը տեղեկացավ, որ բազմաբնակարանի վերևի հարկերում ապրում են սրտի հետ խնդիրներ ունեցող վատառողջ քաղաքացիներ։ Նրանք թեև ուրախ են, որ շուտով ունենալու են հարմարավետ վերելակներ, բայց այս շրջանում ամեն օր ոտքով իջնելու և հատկապես բարձրանալու հետ կապված նոր խնդիրներ են ունենում։
Վերելակի հետ աշխատող մասնագետները մեզ հետ զրույցում դեռ 3 օր առաջ ասացին, թե՝ վերջին ստուգումներն են անում ու մեկ օրից վերելակը կշահագործվի, սակայն դրանից 3 օր անց այն դեռ չի աշխատում։
Թե ինչն է խանգարում ավարտին հասցնել նոր վերելակի տեղադրման աշխատանքները, պարզ չէ, ակնհայտ է, որ աշխատանքների երկարաձգումը բնակիչների հոգսը թեթևացնելու փոխարեն՝ ավելի են ծանրացնում նրանց բեռն ու դժվարացնում անգամ խանութ գնալու և մի հաց գնելու հարցը (էլ չենք խոսում մեծ ու ծանր առևտուրներից)։
Այնպես որ, Երևանի բնակիչների խնդիրներով զբաղվող ու իրեն քաղաքապետ երևակայող Տիգրան Ավինյանը լավ կլինի հետաքրքվի, թե ինչու են վերելակների տեղադրման աշխատանքերը նախատեսվածից երկար տևում։
Արմինե Մկրտումյան