Պրիգոժինը Բելառուսում չէ, Սանկտ Պետերբուրգում է, գուցե գնացել է Մոսկվա. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ այժմ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հանրապետությունում չէ, նա Ռուսաստանում է, իսկ մարտիկները գտնվում են իրենց մշտական ճամբարներում։
«Ինչպես ես այսօր առավոտյան տեղեկացա, մարտիկները գտնվում են իրենց մշտական ճամբարներում, որտեղ գտնվում էին ռազմաճակատից դուրս գալուց հետո՝ ապաքինվելու համար, Բախմուտից հետո հետ են քաշվել իրենց ճամբար։ Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին, նա Սանկտ Պետերբուրգում է, գուցե գնացել է Մոսկվա, բայց Բելառուսի տարածքում չէ»,- ասել է նա արտասահմանյան և բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Լուկաշենկոն ասել է, որ Վագների մարտիկների տեղաշարժը Բելառուս կախված է ընկերության ղեկավարությունից և Ռուսաստանի իշխանություններից։
«Կախված կլինի նրանից, թե ինչ որոշում կկայացնեն «Վագներ» ՄՌԸ-ի ղեկավարությունը և Ռուսաստանը, եթե անհրաժեշտ համարեն որոշակի քանակությամբ մարտիկներ տեղակայել Բելառուսում՝ հանգստի, մարզումների համար, ես կկատարեմ իմ որոշումը»,- ասաց նա։