Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների վերականգնումը շատ կարևոր է. Ալի Վելայաթի
Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունների վերականգնումը կարևոր է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային այլ պետությունների համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Վելայաթին ասել է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի համոզմամբ՝ Իրանի և Եգիպտոսի հարաբերությունների վերականգնումը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի ներկայությունը տարածաշրջանային նոր հավասարում կստեղծի։
Նրա խոսքով՝ ներկայումս աստիճանաբար ձևավորվում են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարաբերությունները։ Վելայաթին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Իրանի հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակի վրա, և որոշ հարցերում առկա տարաձայնությունները դրանց վրա բացասաբար չեն անդրադառնում: