Խմած, հարբած զինծառայողները վտանգ են ներկայացնում. Մարտուն Գրիգորյան
«Ես բազմիցս ասել եմ, որ ռազմաբազայի հետ կապված, կոնկրետ վերահսկողության հետ կապված խնդիր կա: Խմած, հարբած զինծառայողները իրենք վտանգ են ներկայացնում: Իսկ դա ռուսական ռազմաբազայի ղեկավարության անհետևողականության արդյունքն է: Եթե իրենք որևէ քայլ չեն անում այդ ուղղությամբ` մեր իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:
Դիտարկմանը, թե փաստորեն, ռուսական ռազմաբազան պատուհաս է դարձել գյումրեցիների գլխին, Գրիգորյանն ընդգծեց, թե մի դեպքով պայմանավորված չի կարելի ռազմաբազան պատուհաս որակել:
«Ասել պատուհաս է դարձել` այդպես չէ, ուղղակի նման դեպքերը լարվածության առիթ են տալիս: Փառք Աստծո, նմանատիպ նպատակ չի ունեցել, բայց ամեն դեպքում մարդկանց մոտ կա վախ և նմանատիպ դեպքերում մարդկանց մոտ վախ է առաջանում: Վերջին դեպքից պետք է ռուսական և հայկական կողմերը հետևություն անեն: Ալկոհոլի ազդեցության տակ գտնված զինծառայողը վախի մթնոլորտ է առաջացնում»,-նշեց պատգամավորը:
Միևնույն ժամանակ Մարտուն Գրիգորյանը չի կարծում , որ Գյումրու ռազմաբազան պետք է դուրս բերվի Հայաստանից:
Պետք է կարողանան ճիշտ գործիքներ գտնեն վերահսկողության համար, իսկ ռուսական ռազմաբազայի զինծառայողները Գյումրու համար օգուտ կամ վնաս չեն: Մի քանի հազար զինծառայող է և այդ իրենց աշխատավարձը ծախսվում է Գյումրի քաղաքում, եթե այդքանն էլ դուրս գան Գյումրի քաղաքից` խայտառակ վիճակ կլինի»,- եզրափակեց Մարտուն Գրիգորյանը: