Ինչպես Ղարաբաղն Ալիևին պետք է առանց հայերի, Փաշինյանին Հայաստանը պետք է առանց հայրենասերների․ Մամիջանյան (տեսանյութ)
Սրանք իրենց արշինով են փորձում ընդդիմությանը չափել։ Մտածում են իրենց բանտարկություններից կվախենանք։ Դատախազության դիմաց հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը և, դիմելով ակցիայի մասնակիցներին, հարցրեց․ «Էստեղ բանտարկությունից վախեցող կա՞», ինչին արձագանքելով՝ հավաքվածները միաձայն ասացին՝ «Ոչ»։
Այժմ էլ հեռավորության վրա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, Մամիջանյանը նկատեց, որ Արմեն Աշոտյանը, իրենց մյուս ընկերները, որոնք արդեն տարիներ շարունակ գտնվում են անազատության մեջ, ոչ նրանից ու ոչ էլ նրա կատարածուներից չեն վախենում։
«Մենք ավելի թանկ բան ենք կորցրել ու կորցնում: Մեզ համար ազատ կյանքն առանց Արցախի արժեք չունի, մեզ համար ազատ կյանքն առանց Արցախի արժեք չունի՝ ի տարբերություն քեզ»,- հայտարարեց Մամիջանյանը և հավելեց․ «Հարց է, եթե Փաշինյանին ձերբակալեն՝ գոնե մեկը նրա հետևից կգա՞»։
Մամիջանյանը դիմեց բոլոր նրանց, ովքեր ենթարկվում են Փաշինյանի հրահանգներին։
«Եթե մտածում եք, որ իր ասածները կանեք ու հանգիստ կապրեք՝ չեք ապրի, սխալվում եք, բոլորիդ ա ծախելու, երեսփոխանից մինչև շինծու քաղաքական գործ կարող քննիչ։ Ու մեկ էլ՝ ինչպես Ղարաբաղն Ալիևին պետք է առանց հայերի, Փաշինյանին Հայաստանը պետք է առանց հայրենասերների»,- ասաց Մամիջանյանը և հայտարարեց, որ այն Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվելու՝ թեկուզ բանտարկի, սպանի՝ ինչպես Արմեն Գրիգորյանին:
«Չես կարող բոլոր հայրենասերներին սարքես քաղբանտարկյալ, էնպես որ «ա-զա-տու-թյուն․․․»,- խոսքն ավարտեց Հայկ Մամիջանյանը: