Բռնության ենթարկված բուժաշխատողը կբուժվի պետպատվերի շրջանակներում
ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ի կեսգիշերն անց բուժաշխատողի հանդեպ բռնության դրսևորման փաստը: Առողջապահության տարածած հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Բռնության ցանկացած դրսևորում ինքնին անընդունելի է, հատկապես, երբ ձեռք է բարձրացվում բուժաշխատողի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը տվյալ պահին կարող է անհրաժեշտ լինել մեկ ուրիշին:
Նման արարքները բարոյական մեծ վնաս են հասցնում ոչ միայն բուժանձնակազմին, այլև ողջ հասարակությանը` ստեղծելով փոխադարձ անվստահության, անառողջ մթնոլորտ։
Նշենք, որ Երևանի շտապօգնության կենտրոնական ենթակայանում տեղի ունեցած միջադեպից տուժած 53-ամյա բուժաշխատողը մարմնական վնասվածքներով` այդ թվում ոտքի կոտրվածք, տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա բուժօգնությունը, նախարարի հանձնարարությամբ, կկազմակերպվի պետական պատվերի շրջանակում»:
Հիշեցնենք, որ Երեւանում շտապօգնության կենտրոնական ենթակայանում փետրվարի 2-ին, գիշերը` ժամը 03:00-ի սահմաններում ենթակայան է մտել 30-ամյա մի երիտասարդ ու որոշել մնալ այնտեղ: Երբ աշխատակիցները նրան փորձել են դուրս հրավիրել, վերջինս հարձակվել է բժշկի վրա եւ ծեծի ենթարկել: Քաղաքացին բերման է ենթարկվել, իսկ բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մանրամասները պարզվում են: