Կոռումպացված դատական համակարգում հաշտարարության ինստիտուտը տեղ չունի. (տեսանյութ)
«Հայաստանում ուժեղ կոռումպացված կառույց կարելի է համարել դատական համակարգը, դատավորները որքան էլ անկախ լինեն, իրավական ակտերը չեն պահում»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց Կոռուպցիայի հակազդման ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Նա նաև կոնկրետ օրինակներ բերեց. «Կա փաստ` քրեական գործով հաստատված, որ կատարվել են կեղծիքներ, և այդ կեղծիքների արդունքում կատարված բոլոր գործարքները հաստատել է Վերաքննիչ դատարանը և գործը նորից ուղարկել Առաջին ատյանի դատարան: Առաջին ատյանի դատարանը կատարում է որոշում, որը չի գոհացնում երկու կողմերին և երկու կողմն էլ գրում են բողոքներ: Վերաքննիչ դատարանի դատավորը՝ Ամրայի Պետրոսյանը, մեկի բողոքը, որն իրեն ձեռնտու է, հրապարակում է, մյուս բողոքի մասին ընդհանրապես ձայն չի հանում»,- մանրամասնեց նա:
Ալեքսանդր Ամարյանը նաև մտահոգիչ համարեց այն, որ ստեղծված հաշտարարների ինստիտուտը չի գործում. «Հաշտարարների ինստիտուտը ստեղծվել է դատական գործունեությունը թեթևացնելու համար, բայց ոչ մի դատավոր չի բացատրում կողմերին հաշտարարության էությունը: Միայն հարցնում են` ուզո՞ւմ եք հաշտություն կնքել: Բայց հաշտությունն ու հաշտարարությունը տարբեր բաներ են»:
Ամարյանը մանրամասնեց, որ հաշտարարության պարագայում պետական տուրքերի առումով որոշակի զեղչեր կան, օրինակ՝ Առաջին ատյանի դատարանը պետտուրքի 50 տոկոսը հետ է վերադարձնում:
Մանրամասները՝ տեսանյութում