Օտարերկրյա հյուրերը երկրի հետ առնչվում են ՊՊԾ աշխատակիցների միջոցով. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Նա ընդգծել է, որ ծառայության աշխատանքի որակն էական է նաև Հայաստանի միջազգային իմիջի առումով, որովհետև, ըստ Փաշինյանի, Պետական պահպանության ծառայությունն է ընդունում և ուղեկցում օտարերկրյա հյուրերին:
«Սա մի նրբություն է, որ գուցե հաճախ չենք նկատում, բայց չափազանց կարևոր է: Այսինքն, ըստ էության, օտարերկրյա հյուրերը երկրի հետ առնչվում են ՊՊԾ աշխատակիցների միջոցով: Մենք էլ օտարերկրյա այցերի ընթացքում շատ հաճախ այդ օտարերկրյա համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների հետ շփումներից որոշակի պատկերացում ենք կազմում այդ երկրի իրերի դրության մասին»,–ասել է Փաշինյանը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ՊՊԾ ներկայացուցիչները պետական պահպանություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին, ուղեկցում են օտարերկրյա այցերի ընթացքում։
Սա,Փաշինյանի գնահատմամաբ, շատ կարևոր է։
«Դա նույնպես մեր ուշադրության կենտրոնից դուրս է մնում: Եվ մենք այս բոլոր ուղղություններով, իհարկե, պետք է զարգացնենք ծառայությունը՝ ուժեղացնելով պետությունը, որովհետև ընդհանրապես պետության ուժեղացման համար կարևորագույն գործոնն այդ երկրի ինստիտուտների, ծառայությունների արդյունավետությունն է, գործունեության հետևողականությունը և որակը»,–ասել է Փաշինյանը։