Պետական պահպանության ծառայությունը պետք է աննկատ լինի հանրության համար. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
«Պետական պահպանության ծառայությունը գործում է օրվա մեջ 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 12 ամիս: Այդ աշխատանքի ավելի ու ավելի մեծ մասը պետք է աննկատ լինի հանրության համար և ավելի ու ավելի քիչ մասը նկատելի լինի ծառայության համար: Ես, ընդհանրապես, այսպես եմ գնահատում ծառայության աշխատանքը՝ ինչքան քիչ է այն նկատելի և՛ պահպանվող անձանց, և՛ հանրության համար, ուրեմն այնքան ծառայությունն ավելի լավ է կազմակերպված»,–իր ելույթի ժամանակ ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, ծառայությունը պետք է առաջնորդվի հետևյալ սկզբունքով՝ չգործել այնտեղ, որտեղ պետք չէ, և գործել այնտեղ, որտեղ պետք է:
«Սա, իհարկե, նուրբ եզր է և առաջին հերթին պահանջում է ինտելեկտուալ մոտեցում: Հույս ունենք, որ ծառայության այս շրջանի բարեփոխումները կբերեն ընդհանուր և՛ որակի, և՛ աշխատողների սոցիալական երաշխիքների մեծացման»,- ասել է Փաշինյանը։