Խոշոր հրդեհ` Շիրակ գյուղում․ ըստ բնակչի՝ հրդեհը բռնկվել է մատուռում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակ գյուղի Կենտրոնական փողոցում մատուռ է վառվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել ՓԾ Շիրակի մարզի թիվ 53 և թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կենտրոնական փողոցի թիվ 12 չբնակեցված տան սենյակներից մեկում, որի սեփականատեր Հայկուշ Իսպիրյանը, ըստ իր հայտարարության՝ այն ծառայեցրել է որպես մատուռ։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։