Հայաստանի Հանրապետության ոչ մի զինվոր չկա Արցախի պաշտպանության բանակում․ Արայիկ Հարությունյան
ՍիվիլՆեթը ներկա է եղել Արցախի Աժ նիստին և գրի է առել պատգամավորների ու նախագահ Արայիկ Հարությունյանի հարցուպատասխանի ժամանակ հնչած առավել կարևոր մտքերը։
Անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյան հարցրեց հունիսի 28-ին զոհված չորս զինծառայողներց մեկի աճյունի՝ Հայաստան տեղափոխման հնարավորության մասին։
Նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ կարող է խոսել այդ թեմայի շուրջ, քանի որ արդեն ադրբեջանական կողմն է հրապարակումներ արել․ «Մենք դիմել ենք խաղաղապահներին, որպեսզի ապահովվի տեղափոխումը, գիտեք, որ այսօր միայն ուղղաթիռով կա տեղափոխման հնարավորություն։ Մարդու տեղափոխում կատեգորիկ չի եղել, բայց գոնե որոշ բժշկական պարագաների տեղափոխում կազմակերպել են։ Խնդրել ենք, դիմել են ադրբեջանական կողմին, ստացել են բացասական պատասխան։ Մենք դիմել ենք Կարմիր Խաչին․ Կարմիր Խաչը շանս տալիս է, տվյալներ փոխանցել ենք և մինչև մի քանի ժամը պիտի լինի պատասխան։ Բայց արդեն Ադրբեջանը գրել է՝ բա որ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետության զորքը և այլն։ Ես այստեղից այսօր բարձրաձայն հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետության մի զինվոր չկա Արցախի պաշտպանության բանակում ծառայող։ Զոհվածը գիտեք, որ Հայաստանի քաղաքացի չէ, դուք շատ լավ գիտեք՝ ով է, հայրը աշխատում էր մեր կառույցներում՝ փրկարար ծառայության, այսօր էլ է աշխատում, բայց ստիպված դառել է տեղահանված, և հարազատների մեծ մասը գտնվում է Հայաստանում։ Եվ հուղարկավորումը խնդրել են կազմակերպել Հայաստանում, դրա համար ինչքան էլ Ադրբեջանը ցույց տա, թե նա Հայաստանի քաղաքացի է, այդպիսի բան չկա։ Պարտավոր ենք հարգել ընտանիքի ցանկությունը։ Այսօր պարզ կլինի, եթե Կարմիր Խաչը կարողանա, երևի վաղը կկատարենք [տեղափոխումը]»։
(Զոհված զինծառայողներից մեկը Արցախի քաղաքացի է, սակայն նրա ընտանիքը 44-օրյա պատերազմի հետանքով տեղահանվել է և բնակվում է Հայաստանում։ Այդ դեպքի կապացությամբ Ադրբեջանն արդեն աղմուկ է բարձրացրել, թե իբր ՀՀ զինծառայողները ծառայում են Արցախի պաշտպանության բանակում)։