Պատերազմի ժամանակ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, դրա նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն էր․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ երկար ժամանակ է` չէր ուզում մտածել անգամ այդ մասին, բայց հետո վարկածն սկսեց մտածելու տեղիք տալ։ Հիմա նա, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում, հայտարարում է, որ պատերազմի որոշ դրվագներ իշխանությունն իրենից վերցնելու համար են տեղի ունեցել։
«Ես չեմ ուզում թաքցնել, որ պատերազմի հետ կապված շատ դեպքեր, դրվագներ կան, որոնք ինձ հանգեցրել են մտքերի և վարկածների, որ այն, ինչ տեղի է ունեցել առաջնագծում, դրա նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն էր»,-ասաց նա։
Նիկոլ Փաշինյանին կասկածի տեղիք է տվել մասնավորապես Սոտք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած իրադարձությունները։
«Քրեական գործ կա, մեղադրանք կա, մեղադյալ կա, բայց բացատրություն չկա։ Սա շատ կարևոր նյուանս է։ Հանգամանքները պարզ են, պարզվել է, որ x մարդն արել է այսինչ գործողությունը։ Դա պարզված է, բայց ինչու է արել այդ գործողությունը, դա պարզված չէ»,-ասաց Փաշինյանը։
Նա նաև հավելեց, որ դա միակ դեպքը չի եղել։