Կարտոֆիլի վերամշակմանն ուղղված ծրագրի իրականացումը շատ կարևոր է. գյուղնախարար
«Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր, շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմակեսի կողմից իրականացվող Շիրակի զարգացման ծրագրի շրջանակում նախատեսվում է մարզում կազմակերպել կարտոֆիլի ալյուրի (ֆլեյքի) արտադրություն, որի նպատակով կսպառվի տարեկան շուրջ 70 հազ. տոննա կարտոֆիլ:
Այս ծրագրով հետաքրքրված է կարտոֆիլի վերամշակմամբ զբաղվող հոլանդական «Ֆարմ ֆրիտես» ընկերությունը, որը մտադիր է Հայաստանում կազմակերպել համապատասխան արտադրություն եւ համաֆինանսավորմամբ մասնակցել վերամշակման գործարանի կառուցմանը:
Ինչպես հաղորդում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, այս մասին այսօր ասել է «Ֆարմ ֆրիտես» ընկերության զարգացման ծրագրերի պատասխանատու Յոս դեն Բոերը ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:
«Կարտոֆիլի վերամշակմանն ուղղված ծրագրի իրականացումը Հայաստանի համար շատ կարեւոր է: Մեր երկրում տարեկան արտադրվում է շուրջ 750 հազ. տոննա կարտոֆիլ, այս առումով մենք ինքնաբավ ենք. կարողանում ենք ոչ միայն ներքին պահանջարկն ամբողջությամբ բավարարել, այլեւ արտահանել: Կարտոֆիլի վերամշակման կազմակերպումը հնարավորություն կընձեռի հաջողությամբ լուծել դրա պահպանման եւ հետագա օգտագործման խնդիրը»,- ասել է Սերգո Կարապետյանը:
Նախարարի խոսքով՝ Հայաստանի մարզերի, մասնավորապես՝ Շիրակի եւ Գեղարքունիքի բնակլիմայական պայմանները չափազանց նպաստավոր են կարտոֆիլի արտադրության համար:
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանում կարտոֆիլի ալյուրի արտադրության կազմակերպումը կլինի ոչ միայն արդյունավետ, այլեւ կնպաստի կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացմանը:
Յոս դեն Բոերը տեղեկացրել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Շիրակի մարզ` տեղում արտադրության կազմակերպման համար պայմաններին ծանոթանալու նպատակով:
Սերգո Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել ծրագրի իրականացմանը: