Ռուսաստանը շատ ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի. Արցախում բլոկադան ամեն կերպ պետք է ճեղքվի. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց շարունակվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնած նստացույցը: ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեցմ որ Ռուսաստանի Դաշնությունը, որը նոյեմբերի 9-ի ստորագրող կողմն է և ունի պարտավորություններ, որի խաղաղապահ առաքելության ներկայությունն այսօր, ցավոք, միակ անվտանգային երաշխավորն է, և առաջիկա տարիներին էլ ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում կենսական անհրաժեշտություն է ցեղասպանության վտանգի դիմագրավման համար:
«Բայց Ադրբեջանն այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողություններն իրականացնում է նաև ռուս խաղաղապահների նկատմամբ։ Ռուսաստանը շատ ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի այսօրվա խուլ շրջափակումը վերացնելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու համար»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Պատգամավորը նշեցմ որ սա ոչ թե պարզապես ուղերձ է, այլ ժողովրդի, հասարակության պահանջ:
«Այսօր Արցախը, ինչպես Խորհրդային Միության ժամանակ Լենինգրադը, բլոկադայի մեջ է, և այդ բլոկադան ամեն կերպ պետք է ճեղքվի»,-ասաց նա: