Բերդյանսկում 2 անչափահասի են սպանել. նրանցից մեկը 16-ամյա Տիգրան Հովհաննիսյանն է (տեսանյութ)
Զապորոժիեի մարզի Բերդյանսկ քաղաքում անչափահասներ են սպանվել՝ 16-ամյա Տիգրան Հովհաննիսյանը և Նիկիտա Խանգանովը: Ինչպես գրում է Nv.ua-ն այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է Ուկրաինայի Մարդու իրավունքների հելսինկյան միության ծրագրի ղեկավար, Մարդու իրավունքների մեդիա նախաձեռնության համակարգող Օլգա Ռեշետիլովան:
Նշվում է, որ երիտասարդները որակվել են որպես ահաբեկիչ:
Սոցցանցերում հայտնվել է Տիգրան Հովհաննիսյանի տեսանյութը, որում նա ավտոմատով և մարտավարական ձեռնոցներով է:
«Երկու հաստատ... սա մահ է, տղե՛րք։ Մնաք բարով...Փա՛ռք Ուկրաինային»,- ասում է Տիգրանը, հավանաբար նկատի ունենալով լիկվիդացված ռուս զինվորներին:
Ռեշետիլովան ասել է, որ ուկրաինացի իրավապաշտպանները դեռահասների գործով զբաղվում են 2022թ.-ի աշնանից, երբ Բերդյանսկում քննիչները Տիգրանին առևանգել են տնից և հինգ օր դաժանորեն խոշտանգել։ ՌԴ քննչական կոմիտեն պատրաստվում էր գործը հասցնել դատարան՝ երիտասարդներին մեղադրելով «երկաթուղու վրա դիվերսիա նախապատրաստելու մեջ»։
2023թ.-ի հունիսին Եվրախորհրդարանը որոշում ընդունեց՝ պահանջելով ազատ արձակել դեռահասներին: Այնուհետև մեղադրանքներ են հնչեցվել. Նիկիտային մեղադրել «գողության» մեջ, իսկ Տիգրանին՝ «դիվերսիայի»։ Տղաներին հաջողվել էր փախչել քննիչից: