Դոնի Ռոստովում չեղարկել են զանգվածային միջոցառումները
Հանգստյան օրերին Դոնի Ռոստովում նախատեսված զանգվածային միջոցառումները չեղյալ են հայտարարվել, տելեգրամյան իր ալիքում գրել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Որոշում է կայացվել չեղարկել բոլոր զանգվածային միջոցառումները, որոնք նախատեսված էին հանգստյան օրերին Դոնի Ռոստովում»,- գրել է նա։
Ռոստովի մարզի իշխանությունների գործողությունների ծրագրի համաձայն՝ հունիսի 24-ին, մարզում նախատեսվում էր նշել Երիտասարդության օրվա տոնակատարությունը։ Հիմնական տոնակատարությունները պետք է անցկացվեին երեք քաղաքներում՝ Դոնի Ռոստովում, Շախտիում և Տագանրոգում։
Ավելի վաղ Գոլուբևը քաղաքացիներին կոչ էր արել զերծ մնալ քաղաքի կենտրոն մեկնելուց և դուրս չգալ տներից։
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի տելեգրամյան ալիքում մի քանի աուդիո ձայնագրություններ են տեղադրվել։ Նա, մասնավորապես, պնդել է, որ իր ստորաբաժանումները հարձակման են ենթարկվել և դրա համար մեղադրել է երկրի ռազմական ղեկավարությանը։ Այս հայտարարությունների կապակցությամբ ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչի փաստով։ Պաշտպանության նախարարությունը կեղծ տեղեկություն է անվանել Վագների «ՄՌԸ-ի թիկունքի ճամբարներին ենթադրյալ հարվածի մասին»: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը կոչ է արել մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին չկատարել Պրիգոժինի հրամանները և միջոցներ ձեռնարկել նրան կալանավորելու համար։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և «ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»։