Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Opel Vectra»-ն մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում․ կա զոհ
Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 123 կմ հատվածում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ վիրավորին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Տեղում պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հեռաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։Ժամանել են նաև Ոստիկանության Աբովյանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Կոտայքի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը։