Ի՞նչ կեղնի, ըսեք Բալասանյանին, թե կըրնա, մեր երեսին էլ աշե
Գյումրեցի թոշակառու ամուսիններ Թամարա եւ Ալբերտ Խլղաթյաններն ապրում են միայնակ` առանց երեխաների: Համապատասխանաբար 75 և 80 տարեկան ամուսինները 2-րդ կարգի հաշմանդամ են, ապրում են թոշակի հույսին, որը շատ ժամանակ չի բավականացնում նույնիսկ հաց գնելու համար:
Այս ամենից բացի նաև տուն չունեն, ապրում են բարեկամներից մեկի տանը:
«Բարեկամներս Ռուսաստան են, թողել են, որ ապրինք, մինչև տեսնինք` ի՞նչ կեղնի վերջը: Էդ տունն էլ, որ կապրինք, ոչ զուգարան ունի, ոչ ջուր: Չիդեմ, մե կերպըմ կապրինք, մինչեւ մեռնինք, պրծնինք էս տանջանքից»,- newspress.am-ի հետ զրույցում ասաց տիկին Թամարան:
Տիկին Թամարան 30 տարվա մանկավարժ է, աշխատել է նախկին Լենինականի կարի ֆաբրիկայի մանկապարտեզում` որպես դաստիարակ, ամուսինն էլ երկար տարիներ խոհարար է եղել: Այսօր արդեն հայտնվել են անելանելի վիճակում:
«Երեսուն տարի աշխատել եմ էս քաղաքի համար: Վախտին հարգանք, պատիվ եմ ունեցել, հիմա դառել եմ ոչ մի բան: Չիդեմ ինչ էնեմ, ում դիմեմ»,- հուսահատված ասում է գյումրեցի կինը:
Նա լսել է, որ քաղաքապետարանը օգնում է անօթևաններին, բայց միայն լսել է, ոչ մի օգնություն չի տեսել:
«Ի՞նչ կեղնի, ըսեք Բալասանյանին, թե կըրնա, մեր երեսին էլ աշե»,- ասում է Թամարան:
Խլղաթյանների ընտանիքը թերևս միակը չէ, որ անօթևան ու աղքատության մեջ մի կերպ գոյատևում է:
Նրանց ճակատագիրը կիսում են հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ: Սա այն դեպքում, երբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ամիսներ առաջ սրտաճմլիկ ուղերձով դիմեց գյումրեցիներին ու խոստացավ, որ ինքն աշխատավարձ չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ Գյումրին ունի անգամ մեկ անօթևան ընտանիք: