Անբարոյական է դիվանագետի վրա քար շպրտելը. Էդվարդ Նալբանդյանը` ԱԳՆ քննադատությունների մասին
Դիվանագետը նույն զինվորն է` արտաքին ասպարեզում, հետևաբար, ինչպես անբարոյականություն է սահմանին կանգնած զինվորի վրա քար շպրտելը, այնպես էլ անբարոյական է դիվանագետի վրա քար շպրտելը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով ԵԽԽՎ աղմկահարույց նիստից հետո հայկական դիվանագիտության հասցեին հնչող քննադատություններին:
«Ինչ-որ շատ են մեզանում առաջացել միջազգայնագետներ ու վերլուծաբաններ, որոնք սկզբում քննադատում են, հետո սկսում մեկնաբանել ու վերլուծել այդ քննադատությունը: Մի ասացվածք կա` գինին թան չէ, ամեն մարդու բան չէ»,- ասաց նախարարը:
Նրա կարծիքով` հայ դիվանագետներն ու պատգամավորները արել և անում են հնարավորը, որ թույլ չտան այնպիսի քայլեր, որոնք հարված կհասցնեն ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: