Արմեն Աշոտյանը 24 ժամով ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի. փաստաբան
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 24 ժամով: 12 ժամվա ընթացքում պետք է ներկայացվի դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար: Ձերբակալման հիմքն այն է, որ նա խախտել է բացակայելու արգելք խափանման միջոցի պայմանները: Ինչո՞վ է խախտել՝ նշված չէ: Քննիչին այդ հարցն ուղղեցի, պարզաբանում չեմ ստացել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նրա խոսքով՝ ամբողջությամբ նույն մեղադրանքն է, որի շուրջ իրենք 8 ամիս չեն հարցաքննվել:
«Մեկ հոդված են ավելացրել՝ վատնման կազմակերպում: Մեղադրանքի մասին երկու բառով նշեմ, որ այն պարզապես ծիծաղելի է: Վատնման և փողերի լվացման համար ինչ-որ գումար պետք է կորի, սակայն գումար չի կորել, այլ այդ գումարը դարձել է անշարժ գույք, որը հենց հիմա պատկանում է Բժշկական համալսարանին և արժե 2 անգամ ավելի թանկ, քան երբ ձեռք է բերվել»,- ասաց Աթանեսյանը և փաստեց, որ այլ մեկնաբանություններն այստեղ պարզապես ավելորդ են: