Տեսա՞ք, պարոն Մամիջանյան, Ձեզ մոտ չստացվեց փչացնել թեկնածուի մասին տպավորությունը. Ռուբինյան (տեսանյութ)
Ազգային ժողովում ընթանում է քառօրյայի հերթական նիստը: Խորհրդարանում այս պահին քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Անահիտ Գուրգենի Սարգսյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչպես կքվեարկի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Ի պատասխան այս հայտարարության` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը միջանկյալ հարց հղեց թեկնածու Անահիտ Սարգսյանին, թե արդյոք վերջինիս հետաքրքի՞ր են քվեարկության արդյունքները:
«Եթե ես այստեղ կանգնած եմ, ապա, իհարկե, ինձ հետաքրքրում է...»,- պատասխանեց Սարգսյանը և կարճ ներկայացրեց իր ծավալած գործունեությունն ու նպատակները:
Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սարգսյանին սպառիչ պատասխանի համար և դիմելով Մամիջանյանին` ասաց. «Տեսա՞ք, պարոն Մամիջանյան, չստացվեց Ձեզ մոտ փչացնել թեկնածուի մասին տպավորությունը»: