Վրաստանի խորհրդարանը վավերացրել է պաշտպանության ոլորտում վրաց-ադրբեջանական համագործակցության համաձայնագիրը
Վրաստանի խորհրդարանը վավերացրել է «Վրաստանի կառավարության և Ադրբեջանի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում տալով օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը:
«Համաձայնագրով սահմանված համագործակցության ոլորտներն են՝ ռազմական կրթական, պաշտպանական և անվտանգային: Այն ներառում է նաև համագործակցություն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Ինչպես նաև մի շարք միջոցառումներ կապված ռազմական օրենսդրության, ռազմական տեղագրության, ռազմական բժշկության, պաշտպանական կիբերանվտանգության, սոցիալական, սպորտային և մշակութային ոլորտների հետ»,-նշված է համաձայնագրի բացատրական գրության մեջ։
Փաստաթուղթը նախատեսում է կողմերի միջև համագործակցություն այնպիսի ձևաչափերով, ինչպիսիք են պաշտոնական այցերը և աշխատանքային հանդիպումները, երկկողմ բանակցությունները, խորհրդակցությունները և փորձի փոխանակումը, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակումը, մասնակցությունը համաժողովներին և սեմինարներին:
Համաձայնագիրը հավերժական է: Ցանկացած երկիր, որը կորոշի դուրս գալ դրանից, պետք է դիվանագիտական ուղիներով ծանուցի մյուս կողմին իր մտադրության մասին։
Վրաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը պաշտոնական ձևակերպվել է Բաքվում ապրիլին։ Վրաստանի անունից այն ստորագրել է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, իսկ Ադրբեջանի անունից՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։