«Հայաստանի շախմատի Դևիդ Բեքհեմ». CNN
Ամերիկյան СNN մեդիա ընկերությունը ծավալուն հոդված է հրապարակել աշխարհահռչակ շախմատիստ, հայազգի Լևոն Արոնյանի մասին:
«Երբ Լևոն Արոնյանը քայլում է իր հարազատ Հայաստանի փողոցներում, բոլորը նրան ժպտում են, ռեստորանում Արոնյանի տեղը վճարում են, ծնողներն իրենց երեխաներին Լևոն են կոչում»,-hայ շախմատիստ Լևոն Արոնյանի մասին գրել է CNN-ը:
«Հայաստանի շախմատի Դևիդ Բեքհեմ»-ը վերնագրված հոդվածում Շինա Մըքքենզին մեջբերել է նաև Լևոնի խոսքերը, թե ինչպես են հայաստանյան բենզալցակայաններից մեկում հերթական անգամ հրաժարվել իրենից գումար վերցնել:
«3 միլիոն բնակչությամբ Հայաստանն աշխարհում առաջատարն է շախմատային գրոսմայստերների թվով: Շախմատի նախորդ 5 օլիմպիադաներում ազգային հավաքականը, չեմպիոնի` Լևոն Արոնյանի գլխավորությամբ, հաղթանակ է նվաճել երեք անգամ»,- գրել է CNN-ը՝ հիշեցնելով նաև Հայաստանում շախմատի նկատմամբ ձևավորված ջերմ զգացմունքների «պատասխանատուի»՝1960-ականներին շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի մասին: