Դիարբեքիրում 5 զինվոր է սպանվել. կասկածը սերբ դիպուկահարների ուղղությամբ է
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր թաղամասում այսօր դիպուկահարների կրակոցից 5 զինվոր է զոհվել, 8-ը վիրավորվել են, ինչի մասին տեղեկացնում է sondakika.com կայքը: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածած տեղեկատվության համաձայն Դիարբեքիրի Սուր թաղամասում այսօր դիպուկահարների կողմից սպանվել է 5 զինվոր: 3 զինվոր սպանվել էր առավոտյան ժամերին, իսկ 2-ը` կեսօրից հետո:
Երեկ թուրքական կողմը պաշտոնապես պահանջել էր Անկարայում գտնվող Սերբիայի դեսպանատնից պարզել սերբ դիպուկահարների Թուրքիայում գտնվելու մասին լուրերի իսկությունը: Օրեր առաջ մամուլում լուրեր էին հայտնվել, որ Թուրքիայի հարավարևելյան շրջաններում քրդերի կողմից կռվում են վարձու սերբ դիպուկահարներ: Հիշեցնենք, որ վերջին 15 օրվա ընթացքում Դիարբեքիրում և Ջիզրեում ամեն օր թուրք ոստիկան կամ զինվորներ են զոհվում դիպուկահարների կրակոցներից: