«Նույնիսկ թոշակառուն կարողանում է իրեն թույլ տալ ծխել․ տենց չպետք է լինի»․ ՔՊ-ականն առաջարկում է ծխախոտի տուփը դարձնել 20․000 դրամ
Եթե մենք ուզում ենք պայքարել ծխելու դեմ, ապա ծխախոտը 50-100 դրամը բան չի փոխելու։ Այս մասին Ազգային ժողովում, տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
Նրա գործընկեր ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն էլ նկատեց, որ ինչ-որ բան փոխելու համար 1000 դրամանոց ծխախոտն, օրինակ, պետք է 5000 դրամ դարձնել։ Սակայն Նարեկ Ղահրամանյանը համաձայն չէր գործընկերոջ առաջարկին։
«Ծխելու դեմ պայքարելու համար մեկ տուփ ծխախոտը պետք է լինի նվազագույնը 20.000 դրամ։ Կամ չունի՝ ինչ ծխախոտ է՝ նվազագույնը 20.000 դրամ պետք է լինի»,- ասաց պատգամավորը։
Նա խոստովանեց, որ ծխող է և իր վրա «էքսպերիմենտ» է արել (փորձարկել է)՝ կարողանում է մեկուկես տուփ ծխախոտով 2 շաբաթ ապրել։
«Եվ ինձ հետ ոչ մի բան չի եղել»,- ասաց նա։
Դավիթ Առուշանյանի դիտարկմանը, թե այդ դեպքում տնտեսական հետևանքները բացասական կլինեն՝ Նարեկ Ղահրամանյանն արձագանքեց․ «Տնտեսական հետևանքները նույնն են լինելու՝ քիչ ծխելու են, շատ վճարեն»։
Նա նշեց, որ եթե իր ասած տարբերակը չլինի, ապա ծխելու դեմ պայքարը արդյունավետ չի լինի։
«Նույնիսկ թոշակառուները կարողանում են իրենց թույլ տան ծխել, դա տենց չպետք է լինի»,- ասաց պատգամավորը։
Նրա առաջարկը սիրով ընդունեց պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով հանդիսանում է հիշյալ փոփոխությունների նախագծի հեղինակը։