Իզաբելլա Աբգարյանը հաստատում է, որ կմիանա Հայկ Մարությանին, եթե վերջինս որոշի մասնակցել ընտրություններին
Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը չի հերքում, որ կմիանա Հայկ Մարությանին՝ վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու դեպքում։
Այսօր մամուլում տեղեկություններ էին պտտվում, որ ԱՄՆ-ում հյուրախաղերից վերադառնալուց հետո Մարությանը նախապատրաստական աշխատանքներ է սկսել սեպտեմբերյան քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ուղղությամբ։ Նախկին քաղաքապետին մոտ աղբյուրները հայտնել էին շրջանառվող երկու անձանց անուններ, որոնք կարող են ընդգրկվել Մարությանի գլխավորած ցուցակում՝ ավագանում «Իմ քայլի» նախկին անդամներ Իզաբելլա Աբգարյանը և Էռնեստ Ավանեսովը։
Երկուսն էլ չեն հերքել Մարությանին միանալու պատրաստակամությունը։ Իզաբելլա Աբգարյանը Ֆեյսբուքում նշել է, որ այդ ուղղությամբ դեռևս որևէ քննարկում չի ունեցել Մարությանի հետ, սակայն այդպիսի առաջարկի դեպքում այն անպայման կընդունի։
«Ասեմ ավելին՝ շատ տարբեր ուժերից առաջարկներ եմ ստացել և բոլորին նույնն եմ պատասխանել՝ ես սպասում եմ Հայկ Մարությանի կողմնորոշմանը, և եթե Հայկ Մարությանը մասնակցելու է, բնականաբար, ես իր հետ եմ գնալու ընտրություններին»,- գրել է նա՝ հավելելով, որ այս պահին ավելացնելու այլ բան չունի։