Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում այսօր ոչ պաշտոնական շփվելու է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ ՌԴ նախագահն առանձին հանդիպում կունենա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես գրում է Интерфакс-ը, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահ Պուտինն այսօր Սոչիում է: Նա իր աշխատանքային օրվա հանրային մասը կսկսի Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորևիչ Լուկաշենկոյի հետ՝ ոչ պաշտոնական զրույցով, որը տեղի կունենա Բոչարով Ռուչեյի նստավայրում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը նշել է, որ այս զրույցի համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այն կկայանա «շատ շուտով»։
«Այնուհետև նախագահը կմեկնի «Սիրիուս», որտեղ կմասնակցի արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին: Նրան այնտեղ կդիմավորի կառավարության ներկայացուցիչ Միխայիլ Միշուստինը։ Ելույթներով հանդես կգան Պուտինը, Միշուստինը և արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարներ»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նա նշել է, որ նախագահը նախատեսում է այցելել նաև «Սիրիուս» կենտրոնում գտնվող Մարտարվեստի նոր ակադեմիա, որտեղ նրան կդիմավորեն «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը։