Արդեն հասանելի է «Ճանապարհների տեղեկատու» հավելվածը, որը կտեղեկացնի ճանապարհների անցանելիության վերաբերյալ
«Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) նոր հավելվածն արդեն հասանելի է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ներկայացնում է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) նոր հավելվածը՝ թարմացված, ժամանակակից թվային լուծումներով։ Հավելվածը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն: Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Այն տրամադրում է օպերատիվ տեղեկատվություն Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիության վերաբերյալ։
Հավելվածով կարելի է գտնել ինֆորմացիա հիվանդանոցների, ոստիկանական բաժանմունքների, ճանապարհները սպասարկող կազմակերպությունների, ձմռանը նաև՝ ճանապարհները սպասարկող տրանսպորտային միջոցների մասին՝ հետևելով նրանց աշխատանքի հետագծին։
Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերի օգտատերերի համար։ Այն հնարավոր է ներբեռնել App Store-ի կամ Play Market-ի միջոցով՝ համապատասխան որոնման տողում նշելով Arm Roads Info: