Բոտուլիզմի դեպք Գյումրիում
Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Այս մասին newspress.am-ի թղթակցին փոխանցեց «Գյումրի» ԲԿ մամլո խոսնակ Նարեկ Կիրակոսյանը:
Նրա խոսքով` համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառ են հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված սմբուկի խավիարի կամ մարինացված կանաչ պղպեղի օգտագործումը:
«Ուտելուց մեկ օր անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` սրտխառնոց, փսխում, շնչահեղձություն, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում»,-ասաց Նարեկ Կիրակոսյանը:
Հիվանդները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլոզային հիվանդանոց, որտեղ ստացել են համապատասխան բուժում և հակաբոտուլինային շիճուկ:
Այս պահին նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Բուժումը շարունակվում է: