«Վեոլիա Ջուր» առաջարկով ջրօգտագործողը փորել ու հայտնաբերել է իր ջրագծով անցնող ևս մի քանի «ռետինե շլանգներ». ահազանգ (լուսանկարներ)
Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և կից գրել.
«Սա «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի «տնտեսությունն է»: Այն հայտնաբերվել է ասֆալտի տակ: Տարիներ շարունակ, ասֆալտի տակով, սովորական ռետինե շլանգներով մարդիկ անցկացնում են ահա այսպիսի «ջրագծեր»:
Ընդ որում, մեծ է հավանականությունը, որ «ջրագծերի» մի մասն «օրինականացված է»՝ առկա է ջրաչափ: Իսկ, թե որտեղից, ինչպես և ինչ խողովակով է ջրաչափ մտնում «օրինական» ջուրը որևէ մեկին չի հետաքրքրում:

Այսինքն, նայելով այս նկարներին կարելի է եզրակացնել, որ ցանկացած անձ, որն ունի ռետինե շլանգ և նպատակասլաց է, կարող է ասֆալտի տակով իր բնակարան ջուր անցկացնել: Իսկ այդ գործողության օրինականացումն անձի խղճի վրա է՝ կարող է օրինականացնել, կարող է նաև չօրինականացնել:

Այս փոսը, «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի առաջարկով, շուրջ մեկ շաբաթ առաջ փորել է վերջինիս բաժանորդներից մեկը, որը ցանկանում է ապամոնտաժել այլ անձի կողմից անցկացված, սակայն իր անվամբ գրանցված, ասֆալտի տակով ռետինե շլանգով անցկացված, «օրինական» ջրագիծը: Փոսը փորելուց հայտնաբերվել են ևս մի քանի «ջրագծեր» (նկարներում պարզ երևում են):
Փոսը պարբերաբար այցելում են «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի աշխատակիցները և բաժանորդին .... հորդորում են շարունակել փորել:

Պատճառաբանությունն այն է, որ փոսը փորող բաժանորդը պետք է հայտնաբերի իր ջրագծի «սնուցման» կետը, իսկ հայտնաբերված «ջրագծերը» «Վեոլիա Ջուր» չգիտեմինչին չեն հետաքրքրում»,–գրել է Հեքիմյանն ու ոստիկանության ուշադրությունը հրավիրել խնդրին. «Մինչ բաժանորդը շարունակում է փորել, մտածում եմ. կարո՞ղ է նկարներում պատկերված «ջրագծերը» ՀՀ ոստիկանությանը հետաքրքրեն»: