Էթիկայի հանձնաժողովը վարույթ է ընդունել Շուշան Պետրոսյանի դեմ բողոքը
Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 1-ին, կայացած նիստում վարույթ ընդունեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանի:
Հաջորդ նիստում, որը կկայանա փետրվարի 11-ին, ժամը 12-ին, հանձնաժողովի անդամները կլսեն Շուշան Պետրոսյանի եւ դիմող կողմի բացատրությունները: Այս հարցով զեկուցող է նշանակվել Խոսրով Հարությունյանը:
Ի դեպ, արդեն լրացել են էթիկայի այս հանձնաժողովի լիազորությունները: Խորհրդարանի հերթական նստաշրջանում արդեն հայտնի կդառնա հանձնաժողովի հաջորդ կազմը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, էթիկայի հանձնաժողովն ամեն նստաշրջանի վերակազմավորվում է: Իսկ նախագահությունն իրականացվում է ռոտացիոն կարգով: Այն այս անգամ կանցնի ՀՀԿ խմբակցությանը:
Հիշեցնենք, որ օրերս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին ասել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողով`քննելու պատգամավորի վարքագիծը: