Երբ մարդ առաջին անգամ է հանցանք կատարում, զղջում է իր արածի համար՝ կարելի է այդ մարդուն ներել․ նախարարը՝ Դիլիջանի քրեականի պետի մասին
Ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների դեպքում, երբ մարդ առաջին անգամ է հանցանք կատարում, պոտենցիալ հանցագործ չէ, զղջում է, քննիչը համարում է, որ կարելի է այդ մարդուն ներել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի կողմից անչափահաս երիտասարդին ծեծելու քրգործին։
Նախարարը պարզաբանեց, որ ըստ քրեական օրենսգրքի, քրեականի պետը կարող է ներվել, քանի որ զղջացել է իր արարքի համար։
«Ունենք 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ, որի սահմաններում է այս քրեական գործը տարվել։ Եվ ունենք 81-րդ հոդված` գործուն զղջալու հիմքով, որ մարդուն կարողանում են պատասխանատվությունից ազատել, բայց նաև ինքը ֆիքսվում է որպես հանցանք կատարած անձ։ Այսինքն` այդ մարդը 5 տարի տեղեկատվական բազաներում ֆիքսվում է որպես քրեական հանցագործ»,- ասաց Մինասյանը։
Նա հավելեց նաև, որ քննիչի ներման որոշումից հետո դատախազը պետք է վավերացնի, հաստատի քննիչի որոշումը, իսկ վերջնական հաստատումը ներման կամ հերքումը տալիս է դատախազությունը։
«Օրենքով սահմանված ժամկետում դատախազը հնարավորություն ունի չեղյալ հայտարարել ստորադաս դատախազի և քննիչի որոշումները»,- հավելեց նա։