Բաքուն դժգոհ է Ալիև-Փաշինյան հանդիպումից հետո Մակրոնի հայտարարությունից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «խեղաթյուրել» է Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպման բովանդակությունը։ Gazeta.ru-ի՝ հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, որ «հանդիպման վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի միակողմանի հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը»։ Բաքուն ափսոսանք է հայտնել «Ֆրանսիայի նման պահվածքի համար»՝ նշելով, որ «դա դրական ներդրում չունի խաղաղ գործընթացում»։ Միաժամանակ ԱԳՆ-ն չի հստակեցրել, թե իրադարձությունների փարիզյան վարկածի որ հատվածներն է Բաքուն անճիշտ համարում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են հունիսի 1-ին Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում՝ բանակցություններ վարելու խաղաղության պայմանագրի շուրջ։ Մակրոնը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ միասին միացել են հանդիպմանը՝ որպես միջնորդներ։
Ելիսեյան պալատը գագաթնաժողովից հետո հայտարարության մեջ ասել է, որ «Եվրոպական առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հարգել իրենց բոլոր պարտավորությունները, ազատել ռազմագերիներին և խուսափել «թշնամական հռետորաբանությունից»: Բացի այդ, ըստ Մակրոնի մամուլի ծառայության, արևմտյան երեք առաջնորդներն «ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը»։