Մատուցողի հետ արհամարհական կամ կոպիտ շփվող մարդու հետ երբեք չեմ շարունակել մտերմություն կամ գործընկերություն անել. Թունյան
Մի լավ ընկեր ունեմ, ասում է՝ եթե ցանկանում ես հասկանալ՝ մարդը դաստիարակված է, թե ոչ, նորմալ արժեքային համակարգ ունի, թե ոչ, նայիր՝ ինչպես է շփվում մատուցողի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
«Միշտ ուշադրություն եմ դարձրել, ու այդ «թեստը» միշտ ճիշտ է դուրս եկել: Մատուցողի հետ արհամարհական կամ կոպիտ շփվող մարդու հետ երբեք չեմ շարունակել մտերմություն կամ գործընկերություն անել:
Այսօր տարածված տեսանյութի հետ կապված հիշեցի: Չեմ ուզում մտնել այդ դիսկուրսի մեջ, իրավական գործընթացի մեջ, համոզված եմ՝ պատշաճ արձագանք և հետևանք կլինի:
Զուտ ուզում եմ ասել, որ եթե մարդը մատուցող է և քեզ ուտելիք է բերում, կամ տաքսիստ է՝ քեզ տեղից տեղ է տեղափոխում, դա չի նշանակում, որ դու որևէ բանով նրանից առավել ես, ինչ է թե՝ վճարում ես: Ինչ-որ մեկն էլ քեզ է վճարում:
Խնդիրների մեծ մասը գալիս է դաստիարակությունից»,- գրել է Բաբկեն Թունյանը։