Գործն այլևս դատարանի տիրույթում է. Գայանե Հակոբյանի փաստաբանը մանրամասներ է հայտնում
Ուրբաթ օրվա դրությամբ զոհված զինծառայողի մոր՝ Գայանե Հակոբյանի գործն արդեն ուղարկվել էր ՀՀ դատախազության համապատասխան ղեկավարում իրականացնող դատախազին: Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ այսօր գործը մեղադրական եզրակացությամբ այլևս ուղարկվել է Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Թե գործն ում մոտ է, կամ ով է դատավորը, դեռևս պաշտպանության կողմին հայտնի չէ: Այս մասին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գայանե Հակոբյանի փաստաբաններից Հովսեփ Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ նախաքննությունը բավականին կարճ է տևել:
«Եթե հաշվենք մայիսի 17-25-ն ընկած ժամանակահատվածը, ապա կարելի է ասել նախանձելի արագությամբ նախաքննությունն ավարտվել է և գործն այլևս դատարանի տիրույթում է: Մինչև նախաքննության ավարտը, մինչդատական վարույթ իրականացնող մարմինը հայտարարել է նոր քրեական հետապնդում իրականացնելու մասին: Ավելի ճիշտ՝ նախկին քրեական հետապնդումը փոփոխելու մասին»,- նշեց փաստաբանը: