Ինչի՞ եք գիշեր-ցերեկ հանձնելուց խոսում. ուղղակի ինձ գտել ու հարց եք տալիս. Սանոսյանը՝ լրագրողներին
Այս ուղղությամբ նույնպես բանակցություններում քննարկումներ կան: Տարբեր սցենարներ կան: Ակնհայտ է, որ այդ պրոցեսը հասունանում է: Կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը: Այսինքն՝ որևէ տարածքի որևէ կարգավիճակ ունենալու համար գոյություն ունեն իրավական հիմքեր: Կարծում եմ՝ այդ ժամանակ գործընկերները կտեսնեն, թե որ տարածքն ինչ իրավական հիմք ունի: Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն՝ անդրադառնալով այսպես կոչվամ անկլավների հարցին:
Սանոսյանի խոսքով՝ նման տարածքներ երկու կողմում էլ կան: Այսինքն՝ մենք նույնպես ունենք այդպիսի հատվածներ, ինչպես նաև ունենք 90-ականների պատերազմից հետո՝ հատկապես Տավուշի մարզում տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության մեջ: Սանոսյանը կարծում է, որ դրանք մեկ ընդհանուր փաթեթում կքննարկվեն:
«Անկլավների հետ կապված կան տարբեր սցենարներ»,- ասաց Սանոսյանը, սակայն խուսափեց մանրամասնել ու պարզաբանել հնարավոր սցենարները:
Հարցին՝ հանձնվելո՞ւ են այդ տարածքները, թե՞ փոխանակվելու, Սանոսյանն ասաց. «Ինչի՞ եք գիշեր-ցերեկ հանձնելուց խոսում: Դուք լավ հասկացել եք, ուղղակի ինձ գտել ու հարց եք տալիս»:
Կրկին հարցադրմանը, այո՞, թե՞ ոչ, Սանոսյանը ժպտալով ասաց՝ «Ո՞նց կարող ա տենց որևէ մեկն ուզի»:
Լրագրողների դիտարկմանը, թե Սև լիճը տվել եք, չեք ստացել, Գորիս-Կապան ճանապարհը տվել չեք ստացել, Արցախը տվել եք, չեք ստացել. ՏԿԵ նախարարը պարզապես ուսերն ու գլուխը թափ տվեց և ասաց. «Դե լավ»: